Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Ընտրված նախագահ Թրամփը

Ընտրված նախագահ Թրամփը
10.11.2016 | 15:39

Դոնալդ Թրամփի անհավանական հաղթանակը Հիլարի Քլինթոնի նկատմամբ՝ այնպիսի քաղաքական ցնցում է, որ հազվադեպ է պատահում ԱՄՆ քաղաքական կյանքում՝ գրում է The Wall Street Journal-ը: Քաղաքական և մեդիա հանրությունն ապշահար է, շուկաներում տագնապ է, ինչպես և բազում ընտրողների շրջանում: Թրամփի հաղթանակը միշտ թվում էր քիչ հավանական: Քաղաքագետներն ու ՈՒոլ Սթրիթի կանխատեսումների հեղինակները, որ հանրապետականներին հաշվից դուրս էին գրել, անտեսել էին այս ապակառուցողական տարվա բազմաթիվ անակնկալները:


Աջակցությունը Թրամփին դեմոկրատների իշխանությունից ընտրողների դժգոհության վկայությունն է: Պարզվեց, որ նրանցից շատերն ապրում են Ֆլորիդայում, Օհայոյում, Վիսոնսինում, նրանց իր հետևից չկարողացավ տանել Միթ Ռոմնին, իսկ Թրամփը տարավ: Նախագահ Օբաման չափազանց շատ էր ընդունել որոշումներ, ասես այդ նահանգների կարիքներն ու նախապատվություններն անհիմն էին, և այդ քամահրանքը հարուցեց քաղաքական ընդվզում: Ընտրողները վճռեցին, որ Թրամփը փոփոխություններ կբերի և մերժեցին առաջադիմական ծրագիրն ու Օբամայի երրորդ ժամկետը, որ ներկայացնում էր Հիլարի Քլինթոնը: Հիմա հարցը մեկն է՝ ընտրված նախագահը գիտակցո՞ւմ է վիթխարի պարտականությունները, որ ստանձնել է: Միլիոնավոր ամերիկացիներ նրա հետ լավագույն ապագայի հույսեր են կապել: Հակառակորդները, ինչպես Չինաստանն ու Ռուսաստանը, շատ արագ կփորձարկեն նոր գերագույն հրամանատարին: Երեքշաբթիի նորություններից բորսայի ֆյուչերսները անկում ապրեցին, ինչպես Բրեկզիտից հետո, բայց նրանք նորից կբարձրանան, եթե Թրամփն իրեն պատասխանատու պահի: Առաջին փորձություն կդառնան նրա կադրային որոշումները՝ սկսած ֆինանսների նախարարից ու պետքարտուղարից մինչև Սպիտակ տան Արևմտյան թևը:

Կշրջապատի՞ նա իրեն խելամիտ, սթափ դատող մարդկանցով, որ կարողանում են օգտագործել Սպիտակ տան ազդեցության լծակները և կպատմեն նրան՝ ինչ ինքը չգիտի, ինչպես արեց փոխնախագահ ընտրելով Մայք Փենսին: Թե՞ նա կշարունակի հենվել իր բնազդների և նեղ շրջապատի խորհրդատուների վրա: Ագրեսիվ և հակասական ընտրարշավից հետո Թրամփը մեծահոգության ճիշտ նոտա վերցրեց Քլինթոնի նկատմամբ: Նա պետք է գնա առաջ և հանի այն սպառնալիքները, որ արել է ընտրարշավում՝ նրա նկատմամբ հետաքննություն սկսելու վերաբերյալ: Առաջնային խնդիր է ավելի շատ կողմնակիցների որոնումը: Թրամփը նրանց կգտնի, եթե սկսի վերականգնել հարաբերությունները Կապիտոլիումի բլրի հետ: Նա և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Պոլ Ռայանը քաղաքականության հարցերում տարբեր տեսակետներ ունեն, բայց վերընտրված հանրապետական Կոնգրեսը Թրամփի նախագահության համար սկզբունքորեն կարևոր նշանակություն ունի:
The Wall Street Journal


Հ.Գ. Ժողովրդավարության անակնկալը՝ սա է Դոնալդ Թրամփի ընտրության առեղծվածը: Միջին վիճակագրական ամերիկացին, որ վճռեց ընտրության ելքը, իշխանությանը հասկացրեց, որ հոգնել է քաղաքականությունից և ուզում է նորմալ ապրել: Ողնաշարով քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնից նախապատվությունը տալով հակաքաղաքական կերպարով ներկայացած Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ ընտրողները նրա մեջ տեսան իրենց երկրի ապագան ու քաղաքականությանը մարդկային կերպար վերադարձնելու հնարավորությունը՝ այնպես, ինչպես իրենք են պատկերացնում: Գուցե այս ընտրությունները ԱՄՆ-ի պատմության ամենահակաքաղաքական ու բնազդային ընտրություններն էին: Բայց պետությունը չի կարող կառավարվել բնազդներով, կան խնդիրներ, որ միայն քաղաքական լուծումներ ունեն: Դոնալդ Թրամփը պիտի կարողանա պահել հավասարակշռությունը պետության խնդիրների ու քաղաքացիների ակնկալիքների միջև, հակառակ պարագայում չորս տարի անց Հիլարի Քլինթոնը սպիտակ ձիով կվերադառնա, եթե, իհարկե, խորապես հիասթափված չէ քաղաքականությունից ու ճակատագրից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ